Պետք է արդյոք ունենալ ալիք Telegram-ում

Իմ հրապարակումներին հետևողները, վստահ եմ, նկատել են, որ ես անթաքույց համակրում եմ Telegram-ը։ Սակայն այս հոդվածով ցանկանում եմ Telegram-ում ալիք ունենալ-չունենալու հարցին անդրադառնալ ոչ թե էմոցիոնալ, այլ ռացիոնալ դիտանկյունից։

Թե ինչ է Telegram-ը և ինչ առավելություններ ունի, կարդացեք այստեղ։

Վերջերս Տելեգրամը հայտարարեց, որ հարթակի ամսական ակտիվ օգտվողների թիվը հասել է 400 միլիոնի։ Ստորև գրաֆիկում կարող եք տեսնել Տելեգրամի լսարանի աճի գրաֆիկը։ Համաձայնեք՝ տպավորիչ է։

Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թվի աճի գրաֆիկը

Հայաստանում Telegram-ը դեռևս չունի մեծ տարածում։ Չկա հստակ վիճակագրություն առանձին երկրներում լսարանի մեծության վերաբերյալ։ Սակայն, հաշվի առնելով հայալեզու ալիքների լսարանի մեծությունը, կարող ենք ենթադրել, որ Հայաստանում Տելեգրամից օգտվողների թիվը 15․000-ը չի գերազանցում։ Այնուամենայնիվ, այս հարթակը գնալով ավելի մեծ հետաքրքրություն է սկսում վայելել՝ հատկապես շնորհիվ ալիքների ակտիվության։

Տելեգրամի հայալեզու ալիքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ի՞նչ են Telegram ալիքները

Շատերը կլինեն, որ ինձ հետ չեն համաձայնի, բայց իմ համոզմամբ՝ սոցիալական մեդիա հարթակներից օգտվող բազմաթիվ մարդիկ սկսել են բացասական վերաբերել երկկողմանի հաղորդակցությանը։ Անդադար քննարկումներն ու «մեկօրյա» թեմաները չափազանց շատ ժամանակ և նյարդեր են խլում։

Այս օգտվողները փնտրում են հարթակներ, որտեղ կարելի է հետևել ցանկալի աղբյուրները և մարդկանց` չտեսնելով մեկնաբանություններ, քննարկումներ, վեճեր, ֆեյքային պատերազմներ։

Լավագույն լուծումներից մեկը հենց Telegram ալիքներն են։

Դրանք հնարավորություն են տալիս հեռարձակել (broadcast) հրապարակային գրառումներ լայն լսարաններին։ Ալիքները չունեն լսարանի որևէ սահմանափակում՝ ի տարբերություն խմբերի, որոնց մասնակիցների առավելագույն թիվը 200․000 է։

Ալիքով հրապարակում կատարելիս գրառումը լսարանին հասնում է ալիքի անունից։ Դուք կարող եք ավելացնել լրացուցիչ ադմինիստրատորներ, ովքեր կօգնեն կառավարել ալիքը։

Ալիքին նոր միացող հետևորդները կարող են տեսնել ձեր նախկին բոլոր գրառումները։

Ինչպես ալիքները, այնպես էլ առանձին գրառումներն ունեն անհատական URL, որը կարող եք տարածել այլ հարթակներում։

Միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ թվային մարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր և օգտակար բովանդակություն ստանալու համար։

Telegram ալիքների հիմնական առավելությունները

Առավելություններից մեկը, որը, կարծում եմ, լուրջ դեր ունի ալիքների հաջողության մեջ, արդեն նշեցի՝ միակողմանի հաղորդակցությունն է։

Երկրորդ կարևոր առավելությունն այն է, որ չկա ընդհանուր լրահոս, հետևաբար չկա նաև ալգորիթմ, որը կֆիլտրի ինֆորմացիան։ Այստեղ ամեն ինչ պարզ է․ եթե դուք հետևում եք որևէ ալիքի և չեք լռեցնում (mute) ծանուցումները, ապա կստանաք ծանուցումներ տվյալ ալիքի բոլոր հրապարակումների մասին։ Ընդ ուրում, եթե դուք նույնիսկ անջատել եք որևէ ալիքի ծանուցումները, ապա մեծ հավանականությամբ, ամեն դեպքում, ձեզ հարմար պահի կբացեեք և կթերթեք բաց թողած գրառումները։

Սա է պատճառը, որ Telegram-ում դիտումների և լսարանի մեծության տոկոսային հարաբերակցությունը (ERR) շատ մեծ է։

Ստորև գրաֆիկում կարող եք տեսնել իմ ալիքի Reach-ը և ERR-ը 60 օրվա կտրվածքով։ Նշված ժամանակահատվածում ERR-ը ոչ մի օր 65%-ից ցածր չի եղել (միջինում՝ մոտ 80%)։ Սա նշանակում է, որ ալիքի հետևորդների գերակշիռ մեծամասնությունը տեսել է հրապարակումները։

Tigran’s Channel ալիքի Reach-ը և ERR-ը 60 օրվա ընթացքում

Իհարկե՝ այս թվերը տատանվում են՝ կախված ալիքի մեծությունից, բովանդակությունից, լսարանի ռելեվանտությունից։ Դժվար է ունենալ այսքան բարձր ERR, եթե ալիքը պարզապես ընդհանուր լրատվական բովանդակություն է հրապարակում։

Համեմատության համար նշեմ, որ Facebook-ում հրապարակումների միջին օրգանիկ տարածումը 5,17% է։

Telegram-ում բավականին բարձր է նաև clickthrough rate (CTR)-ը։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն այդ ցուցանիշը Տելեգրամում մոտ 7% է։ Այս տոկոսային գործակիցը ցույց է տալիս, թե գրառումը դիտողների քանի տոկոսն է անցնում հղումով։ Համեմատության համար՝ Facebook-ում միջին CTR-ը տատանվում է մոտ 1-1,5% սահմաններում։

Telegram-ում ձեր ալիքի վիճակագրությանը կարող եք հետևել TGStat հարթակում։ Այստեղ դեռևս հասանելի չէ «Հայաստան» լոկացիան և հայերենը։ Մեր հարցմանը TGStat-ից պատասխանեցին, որ Հայաստանյան շուկան իրենց համար դեռևս շատ փոքր է։ Այնուամենայնիվ, մեր բանակցությունները դեռևս շարունակվում են, և չի բացառվում, որ որոշ ժամանակ անց հնարավորություն ունենանք այս հարթակում որպես լոկացիա ընտրել Հայաստանը և ալիքի լեզուն նշել հայերենը։ Սա կօգնի նաև ավելի հեշտ հետևել և բացահայտել լոկալ ալիքները։

Եզրակացություններ

Տելեգրամի հայաստանյան լսարանը դեռևս փոքր է։ Հետևաբար կարճաժամկետ ժամանակահատվածում էական օգտակարություն այս հարթակից բիզնեսը չի կարող ակնկալել։

Սակայն, հաշվի առնելով, որ Telegram-ը Հայաստանում շարունակում է ավելի մեծ հետաքրքրություն վայելել, ինչպես նաև հաշվի առնելով բարձր ERR-ը և CTR-ը՝ կարող ենք եզրակացնել, որ երկարաժամկետ ժամանակահատվածում Telegram-ը Հայաստանում ունի արդյունավետության բավականին մեծ պոտենցիալ։

Առաջարկում եմ ստեղծել ալիքներ թե՛ ձեզ համար և թե՛ ձեր բիզնեսի, կիսվել հետաքրքիր քոնթենթով, փորձել ներգրավել նոր օգտվողների։ Արդյունքում կշահենք բոլորս։

Հոդվածի վերաբերյալ ձեր մեկնաբանություններով կիսվելու համար միացե՛ք Telegram-ում Digtal Marketing Forum խմբին։

Մեկ կարծիք «Պետք է արդյոք ունենալ ալիք Telegram-ում»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Ինչ է Telegram-ը և ինչ առավելություններ ունի | ArmContent.com

Մեկնաբանությունները փակված են։