Արժե՞ հրավիրել ընկերներին՝ հավանելու Ձեր Ֆեյսբուքյան էջը

Հայաստանում սոց․ մեդիա մարքեթինգով զբաղվողները (այս բառը չեմ սիրում, բայց պայմանական նրանց անվանենք «smm-շիկ») կհաստատեն․ գրեթե բոլոր գործընկերները, ում հետ սկսում ենք համագործակցել, հարցնում են․

«Հիմա ի՞նչ, հրավիրու՞մ ենք մեր բոլոր ծանոթ-բարեկամներին՝ էջը լայքելու»։

Այս հարցից հետո smm-շիկների մի մասը երկար պայքարից հետո համոզում է, որ դա սխալ է։ Մյուս մասը գլուխ չի դնում՝ անելով այնպես, ինչպես պահանջում են։ Երրորդ խումբը (ցավոք, այդիպիսիք նույնպես կան), հենց իրենք են նախաձեռնում հրավերների տարափ՝ էջը հավանելու առաջարկ ուղարկելով ում պատահի։

Հրավիրե՞լ թե ոչ

Լավ, ի վերջո, ո՞րն է ճիշտ․ հրավիրե՞լ հնարավորինս շատ ընկերների՝ հավանելու էջը թե՞ ոչ։ «Արգելե՞լ» ընկերության տիրոջն ու տնօրենին հրավիրել իրենց բոլոր ընկերներին, Ռուսաստանի բարեկամներին և առավոտից երեկո քաղաքական թեմաների մեջ խրված Ֆեյսբուքյան ակտիվիստներին։

Պատասխանը հստակ է․

Չի կարելի էջը հավանելու հրավեր ուղարկել մարդկանց, ովքեր պոտենցիալ հաճախորդ չեն, հետաքրքրված չեն տվյալ բիզնեսի գործունեությամբ։

Մի կողմ թողնենք էթիկային առնչվող բոլոր հարցերը՝ համարելով, որ մեր ընկերներն առավոտից երեկո էկրանի առաջ նստած, սպասում են մեր հրավերներին։ Հարցը դիտարկենք բիզնեսի տեսանկյունից։

Արդյո՞ք կարևոր է հետևորդների քանակը

Նախ՝ հասկանանք՝ արդյո՞ք Facebook-ում կարևոր է ունենալ էջի բազմաթիվ հետևորդներ։ Արժե՞ արդյոք ծախսել ժամանակ և փող՝ էջի հետևորդների քանակն ավելացնելու համար։

Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս, որ Ֆեյսբուքում հրապարակումների ներգրավվածության միջին գործակիցը (Engagement rate) 3,42% է։ Սա նշանակում է, որ պայմանական 10․000 հետևորդ ունենալու դեպքում՝ միջինում կունենաք 342 ներգրավվածություն։

Հաշվի առնելով Հայաստանում գովազդի միջին արժեքը՝ կոպիտ հաշվարկի դեպքում 342 ներգրավվածություն կարող ենք ունենալ գովազդով՝ ծախսելով մոտ 4-10 դոլար։

Ընդ որում՝ գովազդի դեպքում ներգրավվածություն ապահովում ենք հենց թիրախային լսարանի մոտ, այլ ոչ թե տնօրենի կամ smm-շիկի ընկեր-բարեկամների։

Facebook-ում հրապարակումների ներգրավվածության միջին գործակիցը (Engagement rate) (2019-ի 3-րդ եռամսյակում)

Ներգրավվածության միջին գործակցին անդրադառնալիս կարևոր է ընդգծել ևս մեկ հանգամանք․ այն ուղղակիորեն կապված է էջի լսարանի որակի հետ։ Այսինքն՝ ինչքան էջի լսարանը հավաքված լինի օրգանիկ, ներառի իրապես հետաքրքրված անձանց, այնքան հրապարակումների Engagement rate-ն ավելի բարձր կլինի։ Հակառակ դեպքում կարող է չհասնել անգամ 1%-ի։

Վերադառնալով հարցին՝ արդյո՞ք արժե ժամանակ և ռեսուրսներ ծախսել՝ ավելացնելու Facebook-ի էջի լայքերը։ Պատասխանն ակնհայտ է․ ՈՉ։

Ունքը սարքելու տեղը աչքը չհանեք

Բացի այն, որ ընկերներին հրավիրելը, մեծ հաշվով, անիմաստ է (բացառությամբ այն դեպքերի, երբ հրավիրվում են իրապես հետաքրքրված անձիք), այն կարող է լուրջ (հաճախ՝ անդառնալի) վնաս հասցնել բիզնես էջին։

Մի քանի պարզ պատճառով․

1․ Առաջին պատճառի մասին արդեն խոսեցինք․ եթե այն ձևակերպենք պարզ, խոսակցական լեզվով, ապա կստացվի այսպես․

Ինչքան շատ մարդ ներգրավվի, այնքան ավելի շատ մարդու Facebook-ը կցուցադրի գրառումը։

Այսինքն, հրավիրելով թեմայով չհետաքրքրվող, բայց ձեզ շատ սիրող և հանուն ձեզ էջը հավանող ընկերներին, դուք գցում եք լսարանի որակը, հետևաբար նաև՝ օրգանիկ տարածումը։

Բնականաբար, այս ամենը վերաբերում է նաև «էջ առնեմ, անունը փոխեմ, կպցնեմ իմ էջին» օպերացիային։

2․ Գցելով հրապարակման ներգրավվածության գործակիցը՝ դուք գցում եք նաև հնարավոր գովազդի արդյունավետությունը։
Facebook-ը չի ցանկանում լսարանին հրամցնել այնպիսի գովազդ, որն ունի ցածր ներգրավվածություն։ Հետևաբար՝ դուք ստիպված կլինեք ավելի շատ գումար ծախսել նույն արդյունքին հասնելու համար:

3. Facebook-ի գովազդային պլատֆորմի ամենակարևոր և ամենաարդյունավետ գործիքներից մեկը նմանակ (Lookalike) լսարաններն են։

Ինչպե՞ս են դրանք աշխատում։

Facebook-ը հնարավորություն է տալիս, սոցիալական ցանցում գտնել և թիրախավորել այն մարդկանց, ովքեր իրենց հետաքրքրություններով, դեմոգրաֆիկ պատկերով և վարքագծով առավել նման են ձեր սեփական բազայում ընդգրկված մարդկանց։ Որպես բազա Lookalike audience-ների համար կարող են ծառայել ինչպես բոլոր տեսակի Custom audience-ները (մեյլերի, հեռախոսների բազա, կայքի այցելուներ, տեսանյութը դիտողներ և այլն), այնպես էլ՝ էջի հետևորդների բազան։

Այսինքն, ունենալով բարձր որակի, իրապես հետաքրքրված, ռելեվանտ հետևորդների բազա, մենք հնարավորություն ենք ստանում ստեղծել բազային չպատկանող, բայց հետաքրքրություններով, դեմոգրաֆիկ պատկերով և վարքագծով մեր հետևորդներին մաքսիմալ նման մարդկանց լսարան։

Նմանակ (Lookalike) լսարաններ Facebook-ում

Սա Facebook-ում թիրախավորման ամենաարդյունավետ գործիքներից մեկն է։

Կապենք փաստերն իրար․ եթե ունենք ոչ ռելեվանտ (թեկուզ՝ շատ) հետևորդների բազա, ապա դրա վրա հիմնված նմանակ լսարանը նույնպես շեղված կլինի իրական պատկերից և կկորցնի արդյունավետությունը։

Եզրակացություններ

1․ Էջի հավանումների քանակին չարժե մեծ ուշադրություն դարձնել, առավել ևս՝ ծախսել մեծ բյուջե և ժամանակ՝ այն ավելացնելու համար։

2․ Պետք չէ հրավիրել ընկերներին՝ հավանել Facebook-ում ձեր բիզնես էջը, քանի որ․

  • նյարդայնացնում է,
  • անիմաստ է,
  • վնասում է բիզնեսին։

Թեման քննարկելու համար առաջարկում եմ Telegram-ում միանալ Digtal Marketing Forum խմբին։